Posted in Uncategorized

Քարկտիկը խաղում են 5 կլոր, փոքր քարերով, 2-5 խաղացողներով։ Քարերից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Քարկտիկը մեզ է հասել հին ժամանակներից։ Խաղը բաղկացած է վեց գործողություններից։

Կանոններ

1.Մեկնուկ
Գցում ենք քարերը գետնին, վերցնելով քարերից մեկը՝ նետում ենք վեր, ապա գետնից արագ վերցնում ենք մեկ քար, ձեռքի մեջ պահելով նույն ձեռքով որսում վերև նետած քարը։

2 Երկնուկ
Փռում ենք քարերը գետնին, վերցնում ենք մեկ քար և նետում ենք վեր, ապա գետնից արագ վերցնում ենք երկու քար ձեռքի մեջ պահելով նույն ձեռքով որսում վերև նետած քարը։ Նույն կերպ վերցնում ենք մյուս երկուսը։

3.Երեքնուկ
Նախորդ երկու փուլերի նման գցում ենք քարերը գետնին, բայց քարերը վերցնում ենք երեքը միասին, մեկը՝ առանձին։

4.Չորսնուկ
Վեր ենք նետում մեկ քարը, չորս քարը դնում գետնին և բռնում վերև նետած քարը։ Այնուհետև նորից վեր ենք նետում քարը, վերցնում գետնին դրված չորս քարը և բռնում վերև նետած քարը։

5.Շնիկ
Քարերը փռում ենք գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ ենք կազմում գետնին, ապա վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց ենք կացնում կամրջի տակով։

6.Ձեռնուկ
Բոլոր հինգ քարերը վեր ենք նետում  ձեռքի ափով՝ որսում ենք ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով ենք նետում՝ որսում ձեռքի ափով։

Եթե ուզում ես քարերը մոտեցնել, ապա պետք է մեկ քարը նետել վերև, մատների հպումով քարերը մոտեցնել և բռնել ընկնող քարը։
Գործողությունները կատարելուց հետո խաղացողը պետք է որսա ընկնող քարը։ Եթե դա նրան չի հաջողվում, նա պետք է սպասի մինչև հասնի նրա հերթը և սկսի խաղալ պարտված փուլից։ Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։